Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ժուռնալիստների միության մեկդարյա ստրկությունը, կամ վարձակալություն 99 տարով

Ժուռնալիստների միության մեկդարյա ստրկությունը, կամ վարձակալություն 99 տարով
22.03.2019 | 03:20

Հայաստանի Ժուռնալիստների միությունը ունի մեկ «պայթած» համակարգիչ, որով ոչինչ հնարավոր չէ անել: Միությունն ունի մեկ միլիոն դրամից ավելի գույքահարկի պարտք, որն ավելանում է: Շենքային պայմանները բնորոշվում են մեկ բառով` խայտառակ: 2017-ից միության նախագահի պաշտոնը ստանձնած ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ պարզաբանում է` պաշտոնը ստանձնելուց ի վեր ավելի շատ զբաղված է տեխնիկական, ադմինիստրատիվ, իրավական, վերանորոգման հարցերով, և ահազանգում է` միության տարածքների հիմնական մասը այլևս միությանը չի պատկանում: Ժամանակին կնքվել են ստրկական, նվաստացուցիչ պայմաններով պայմանագրեր: Միության գույքը հայտնվել է 99 տարվա իրավաբանական թակարդում:


Պարզվում է`առաջին հարկի (նաև նկուղային) կոմերցիոն նշանակության տարածքները վարձակալության են տրվել զավեշտի հասնող ցածր վարձավճարներով: Սաթիկ Սեյրանյանը լրագրողների ուշադրությանն է ներակայացնում մանրամասները: «Էլզա Գրիգ» ընկերությունը մինչև 2080 թվականը վարձակալել է 798,6 քմ 400 հազար դրամով, որի մեջ ներառվել են հարկերը: Գույքահարկը, տարածքի և համատիրության վճարները պետք է կատարի միությունը (նշված տարածքի միայն գույքահարկը մեկ տարվա համար 567 հազար դրամ է): Այսինքն` մեկ քմ-ն վարձակալության է տրվել այդ ընկերությանը 501 դրամով` ենթավարձակալության իրավունքով: Հար և նման պայմանագրեր են կնքվել նաև «Ավանգարդ քլաբ» ընկերության (վարձակալության է տրվել մինչև 2012 թ.) և «Արամայիս Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ հետ: Միության նախագահն ընդգծում է` նրանք պաշտպանված են խայտառակ պայմանագրերով, սա մոտավորապես այն է, ինչին ականատես եղանք օպերայի հարակից տարածքի սրճարանների օրինակով: Երբ միությունը փորձել է վարկ ներգրավել վերանորոգման աշխատանքների համար, բանկը պահանջել է, որ վարձակալները նոտարով հավանություն տան: «Որովհետև շուրջ 100 տարով կնքված պայմանագրերի դեպքում տարածքի փաստացի սեփականատերերը վարձակալներն են,- պարզաբանում է Սաթիկ Սեյրանյանը:- Մի կերպ ձեռք բերեցինք համաձայնությունը: Նաև հաջողվեց ծանոթանալ ենթավարձակալության պայմանագրերից մեկին, որով պարզվեց, որ 798,6 քառակուսի տարածքի ընդամենը մեկ հատվածը ենթավարձակալության է տրվել այլ տնտեսավարողի` 3 միլիոն 800 հազար դրամով»:
Բայց միության ոդիսականը այսքանով չի ավարտվում: «Բարեխղճությունը» շրջանցել է լրատվական կազմկերպություններին, հետաքրքիրն այն է, որ երկրորդ հարկի գրասենյակները վարձակալած կազմակերպությունների համար ստեղծվել են անհավասար, եթե չասենք` անարդար պայմաններ: «Ֆոտոլուր» գործակալությունը մի սենյակը (36 քմ) վարձակալում է 80 հազար դրամով, «168 Ժամ» թերթը երկու սենյակի համար վճարում է 215 հազար դրամ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեն երեք սենյակի համար (38 քմ, 14 քմ, 19 քմ) վճարում է 95 հազար դրամ:


Ինչպե՞ս են կնքվել կոմերցիոն տարածքների պայմանագրերը. սա այս պատմության թիվ մեկ հարցն է: Սաթիկ Սեյրանյանը նշում է, որ միության նախագահը միանձնյա չի կարող նման պայմանագրեր կնքել կազմակերպությունների հետ, վարձակալության համար վարչության անդամների համաձայնությունը պետք է լիներ: Փաստաթղթերի ուսումնասիրման ընթացքում պարզվել է, որ կան կեղծված ստորագրություններ:


Փաստաբան ԱՂԱՎՆԻ ՄԱԴՈՅԱՆԸ տեղեկացնում է, որ պայմանագրում կան խախտումներ, քրեական գործ է հարուցված, ընթանում է նախաքննություն, կոռուպցիոն ռիսկեր կան, թե չկան` կպարզի վարույթն իրականացնող մարմինը:
«Իրատեսը» հետաքրքրվեց` վնասի փոխհատուցում պահանջվելու՞ է, թե՞ բավարարվելու են տարածքների վերադարձով: «Տիկին Սեյրանյանը շատ դժվարությամբ համաձայնեց հանցագործության մասին հաղորդում կազմել, այս պահի դրությամբ, եթե հաստատվի հանցագործության փաստը, մեղքը հիմնավորվի դատական ակտով, հնարավորություն կստեղծվի նաև վնասին անդրադառնալու, եթե, իհարկե, միությունը և վարչությունը իրենց համաձայնութունը տան»,- ասաց փաստաբանը:


Սաթիկ Սեյրանյանը հիշեցնում է` այդ տարածքները ձեռք են բերվել ավագ սերնդի լրագրողների ջանքերով, միությունը կարող է լուրջ եկամուտներ ունենալ և աջակցել լրատվամիջոցներին, եթե կարողանա վերադարձնել դրանք։
Այս պահին լրագրողներն իրենք պետք է աջակցեն միությանը` բարձրացնելով խնդիրը: Այս թնջուկը չքանդելու դեպքում ժուռնալիստների տունը կմնա մեկդարյա ստրկության մեջ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ